Թորոս Տարոնացի, Մշեցի (ծննդի և մահվան թվականները անհայտ են), հայ մանրանկարիչ, գրիչ և տաղասաց։ XIV դարի առաջին կեսի Գլաձորի մանրանկարչության դպրոցի խոշոր ներկայացուցիչ։
Հայտնի է, որ Թորոս Տարոնացին Մուշ քաղաքից է, որի համար նրան երբեմն Մշեցի են անվանել։ Հայրը եղել է Սարգիս քահանան, մայրը՝ Մարիամը։ Սովորել է Գլաձոր, Եսայի Նչեցու մոտ։ Հայտնի են նրա ընդօրինակած և ծաղկած 19 ձեռագիր, որոնցից ինը պահվում է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։ Մեզ հայտնի նրա առաջին ձեռագիրը «Եսայի Նչեցու Ավետարանն» է (1307 թվական, Վենետիկի Ս. Ղազար վանք, ձեռագիր 1917 թվական), որը ուսումնասիրել է Ս.Տեր-Ներսեսյանը։ Գործունեությունը մոտ 40 տարի է տևել։ Վերջին անգամ անունը հանդիպում է 1346 թվականին, նրա ծաղկած ժողովածուում։ Լավագույն ստեղծագործություններից է «Եսայի Նչեցու Աստվածաշնչի» (1318, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ձեռագիր համար 206) նկարազարդումը, որը պարունակում է 11 թեմատիկ մանրանկարներ, 4 ավետարանիչների պատկերներ և գրեթե յուրաքանչյուր էջում՝ զարդանկարներ։ Լուսանցազարդերը մեծ մասամբ կազմված են բուսական մոտիվներից։ Գլխագրերը բազմազան են։ Թերթերի կոմպոզիցիոն կառույցը մոնումենտալ տպավորություն է թողնում։ Գունային գամմայում իշխում են կապույտը, կարմիրը, մանուշակագույնը՝ ոսկու առատ օգտագործմամբ։ Ձեռագրում վեց խորաններ են, յուրաքանչյուր երկուսը՝ սիմետրիկ։ Բյուզանդական մանրանկարչության սկզբունքների որոշ առկայությամբ հանդերձ, ազգային վաղեմի ավանդույթները հաստատուն տեղ են գրավում Թորոս Տարոնեցու արվեստում։ Նկատելի է ժողովրդական արվեստի հնարքների օգտագործումը։ Հորինվածքները պարզ են՝ գրեթե միշտ կառուցված համաչափ ուրվանկարով։ Թորոս Տարոնացին առանձին կենդանությամբ է պատկերել Տիրամորն ու մանկանը (ներմուծելով կենցաղային մոտիվներ), նվագող Դավիթ մարգարեին, միջնադարյան մտածող Եսայի Նչեցուն։ Առավել արտահայտիչ է նրա ծաղկած ձեռագրերի զարդարվեստը (Մեծ Հայքի և Կիլիկիայի զարդարվեստի յուրահատուկ սինթեզ)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 210)։